Հայ-վրացական միջկառավարական նիստը տեղի կունենա հուլիսին

23.05.2008, 18:20
Հայ-վրացական միջկառավարական նիստը տեղի կունենա հուլիսին
Հայ-վրացական միջկառավարական նիստը տեղի կունենա հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-վրացական հերթական միջկառավարական նիստը հուլիսին անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, երկու երկրների վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում՝  ԱՊՀ  անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։

«Զրույցի ընթացքում վարչապետներն ընդգծեցին միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների  սերտացման   ու  համագործակցության  զարգացման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրությունում:

Վարչապետների կարծիքով, հանձնաժողովի հերթական նիստը նոր խթան կհանդիսանա  երկու  երկրների հարաբերությունների ամրապնդման ու  տնտեսական փոխգործակցության  ընդլայնման  համար:

Զրուցակիցները անդրադարձել են նաև համագործակցության ընթացիկ ծրագրերին ու առկա  խնդիրներին: Մասնավորապես, էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը  համարելով բավականին  արդյունավետ, Սարգսյանն ու Գուրգենիձեն կարևորել են ֆինանսաբանկային  և այլ ոլորտներում  փոխադարձ ներդրումների աշխուժացումը, ինչպես նաև տարածաշրջանային ծրագրերի շրջանակում գործակցությունը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից` ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանն իր  գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող  որոշ խնդիրներ և  նրա միջամտությունը խնդրել` դրանց լուծման հարցում:

Մասնավորապես, Սարգսյանը նշել է Վրաստանի տարածքով  դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող  բարձր սակագների ու դրանց ձևավորման տրամաբանությանը հայկական կողմին ևս իրազեկ դարձնելու կարևորության մասին:

ՀՀ կառավարության ղեկավարն իր վրացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական և աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների  ու  սադրիչ գործողությունների  վրա, որոնք ՀՀ  վարչապետի համոզմամբ, լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության  շրջանում։

«Մասնավորապես նա նշել է վերջերս Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն»  եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելու  և այդ դատապարտելի արարքով  դեպի  հեռուն  գնացող մտադրությունները, որոնց մասին  ապօրինությունն իրականացնողները նաև հրապարակավ հայտարարություններ են անում»,- հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները և  խոստացել խնդրի էությանն  առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել:

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի ունեցավ Երևանում 2007թ. հոկտեմբերի 15-ին։--0—