Ընտրատեղամասերի 70 տոկոսի տվյալներով, Վրաստանի ընտրություններում առաջատարն է իշխող կուսակցությունը

23.05.2008, 12:32
Ընտրատեղամասերի 70 տոկոսի տվյալներով, Վրաստանի ընտրություններում առաջատարն է իշխող կուսակցությունը

Վրաստանի ԿԸՀ-ն հաշվել է  ընտրատեղամասերի մոտավորապես 70 տոկոսի տվյալները. խորհրդարանական ընտրություններում մրցակիցներից մեծ առավելությամբ առաջատարն է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 21-ին։ Դրանց մասնակցել է ինը քաղաքական կուսակցություն և երեք ընտրական դաշինք։ Երկրի բարձրագույն օրենսդրական մարմին պետք է ընտրվեն 150 պատգամավորներ՝ կեսը համամասնական, կեսը՝ մեծամասնական համակարգով։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 20։00-ի դրությամբ 2 642 ընտրատեղամասերի (1 մլն 223 հազ. ձայն) տվյալների մշակման արդյունքում «Միասնական ազգային շարժումը» հավաքել է ձայների 59,21 տոկոսը։

Ընտրությունների անցկացման համար ընդհանուր առմամբ բացվել էր 3 552 ընտրատեղամաս։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Միավորված ընդդիմությունը ստացել է 16,48 տոկոս ձայն, Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը՝ 8,29 տոկոս, Լեյբորիստական կուսակցությունը՝ 6,83 տոկոս, Հանրապետական կուսակցությունը՝ 3,7 տոկոս, «Աջ ալյանս. Տոպաձե-ձեռնարկատերեր»՝ 0,88 տոկոս։

«Վրացական քաղաքականություն» կուսակցությունը հավաքել է 0,46 տոկոս ձայն, «Վրաստանի մարզիկների միությունը»՝ 0,2 տոկոս, «Համայն Վրաստանի ռադիկալ-դեմոկրատ ազգային կուսակցությունը»՝ 0.18 տոկոս, Քրիստոնեա-դեմոկրատական ալյանսը՝ 0.84 տոկոս, «Ավանդապահներ – Մեր երկիրը – Կանանց կուսակցություն» բլոկը՝ 0,43 տոկոս և «Մեր երկիր» կուսակցությունը՝ 0,11 տոկոս։-0-