Կրասնոդարի հայ երիտասարդությունը ջահերով երթ է անցկացրել՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

25.04.2008, 11:25
Կրասնոդարի հայ երիտասարդությունը ջահերով երթ է անցկացրել՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կրասնոդարի հայ երիտասարդությունը ջահերով երթ է անցկացրել՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ապրիլի 23-24-ը՝ Կրասնոդարում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Երկրամաս» թերթի խմբագրությունից, ապրիլի 23-ին ջահերով երթ է կայացել դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որը տեղադրված է քաղաքի հայկական եկեղեցու բակում։

Ավելի քան հարյուր երիտասարդներ, ջահերը և դրոշակները ձեռքներին, հարգել են Ցեղասպանության տարիներին զոհված հայրենակիցների հիշատակը։ Ապրիլի 23-ի միջոցառումներն ավարտվել են «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության «Ես մեղադրում եմ» վավերագրական ֆիլմի դիտումով և երիտասարդների ու ուսանողների ցույցով։

Ապրիլի 24-ին, հիշատակի արարողությունից և Խաչքարի մոտ ծաղիկներ և պսակներ դնելուց հետո, տեղի է ունեցել Կրասնոդարի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքը։

Ելույթ են ունեցել նաև հյուրեր, որոնց թվում էր Հայկական Միջազգային կոզակական  միության ատաման Սերգեյ Մադաթյանը։ Բոլոր ելույթ ունեցողները դատապարտել են ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի չճանաչման քաղաքականությունը և կոչ են արել համայն հայությանը՝ շարունակել հայ ժողովրդի նկատմամբ պատմական ճշմարտության վերականգնմանն ուղղված պայքարը։

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ներկայացուցիչ, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն ընթերցել է Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր Ժողովի պատգամավորներին ուղղված՝ Կուբանի հայկական կազմակերպությունների ուղերձը, որում նրանք Կուբանի օրենսդիրներին խնդրում են արտահայտել Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ապրիլի 24-ը՝ որպես1915-1922 թթ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին համապատասխան վճիռ ընդունելու միջոցով։

Կրասնոդարում անցկացվող միջոցառումների կազմակերպիչներն են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության Կրասնոդարի երկրամասային ներկայացուցչությունը, Կրասնոդարի քաղաքային «Խաչքար» կրթամշակութային կենտրոնը և «Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի քաղաքային բաժանմունքը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—