Էրմիտաժի գանձերը կբարձրացվեն ծովի հատակից

08.02.2008, 18:03
Էրմիտաժի գանձերը կբարձրացվեն ծովի հատակից

Էրմիտաժի գանձերով բեռնված «Ֆրաու Մարիա» առագաստանավը, որը խորտակվել էր 1771թ. Ֆինլանդիայի ափերի մոտ, ափ կհանվի, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ մշակութային հուշարձանների պաշտպանության ղեկավարի տեղակալ Անատոլի Վիլկովը։

«Այդ առագաստանավով տեղափոխվում էին Էրմիտաժի համար Եկատերինա 2-րդի կողմից պատվիրված արժեքավոր իրերը»,-«ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է նա։

Մասնագետները ենթադրում են, որ նավում կարող են պահպանված լինել թանկարժեք զարդերը և ճենապակյա հավաքածուն։

Ներկայումս ռուս-ֆիննական հումանիտար նախագիծն իրականացվում է երկրի առաջին դեմքերի աջակցությամբ։

Ծրագրվում է այս տարի իրականացնել ստորջրյա հետազոտություններ, որոնք ցույց կտան, թե հատկապես ինչպիսի արժեքներ և ինչ քանակով են պահպանվել ավելի քան 200 տարի ջրի տակ գտնվելուց հետո։–0--