Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների մրցույթի ժամանակ հայ երգիչ Գևորգ Հակոբյանն արժանացել է ոսկե մեդալի

08.02.2008, 11:22
Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների մրցույթի ժամանակ հայ երգիչ Գևորգ Հակոբյանն արժանացել է ոսկե մեդալի
Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների մրցույթի ժամանակ հայ երգիչ Գևորգ Հակոբյանն արժանացել է ոսկե մեդալի

 Հինգշաբթի երեկոյան Մեծ թատրոնի նոր բեմում տեղի է ունեցել Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների միջազգային առաջին մրցույթի եզրափակիչը և համաշխարհային օպերայի բեմի աստղերի մասնակցությամբ անց է կացվել դափնեկիրների և մրցանակակիրների գալա- համերգը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել մրցույթի մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Բրոկանովան։

«Մրցույթի գրան-պրին և ոսկե մեդալը ստացել է ռուս Ռոման Բուրդենկոն, ոսկե մեդալներ են ստացել նաև հայ Գևորգ Հակոբյանն ու ամերիկացի Լիամ Բոները», - ասել է Բրոկանովան՝ նշելով, որ բոլոր պարգևներն ու մրցանակները հայտարարել և հանձնել է ժյուրիի նախագահ Սերգեյ Լեյֆերկուսը։

Եզրափակչի ժամանակ 10 հազ. դոլարի չափով գրան-պրիի համար ընդհանուր առմամբ պետք է մրցեին չորս երգիչ, սակայն, մամուլի կենտրոնի ղեկավարի խոսքերով, չորրորդ թեկնածուն՝ ռուս Ալեքսեյ Շիշլյաևը հիվանդացել է և չի կարողացել ելույթ ունենալ։

Բացի դրամական պարգևից և ոսկե մեդալից հաղթողը իրավունք է ստացել մասնակցել 2008-2009 թթ.-ին Մեծ թատրոնի մի ներկայացմանը։ Մյուս դափնեկիրներին հանձնվել է 5 հազարական դոլար։

Հայտարարվել են նաև հատուկ պարգևներին և դիպլոմներին արժանացած երգիչների անունները, որոնց թվում են Պավել Լիսիցյանի երգացանկի ստեղծագործությունների լավագույն կատարման համար նախատեսված դիպլոմը, որին արժանացել է ռուս Սերգեյ Գորդեևը, «Ֆորտունա» մրցանակը, որը հանձնվել է ռուս երգիչ Պյոտր Մակարովին, հատուկ մրցանակ մրցույթին մասնակցած ամենաերիտասարդ երգչին՝ ղազախ երգիչ Ազամատ Ժելտիռգուզովին։

Մրցանակների հանձնման արարողությունից հետո, տեղի է ունեցել գալա-համերգ, որի ժամանակ դափնեկիրները դուետներով հանդես են եկել Մեծ թատրոնի մեներգիչներ Աննա Ագլատովայի և Տատյանա Մոնոգարովոյի հետ, ինչպես նաև Օլգա Բալաշովայի հետ։

«Համերգի հատուկ հյուր էր ևս մեկ երգչուհի, իտալուհի Մարիյա Կոնստանցա Նոչենտինին։ Ժյուրիի անդամներից մեկը, իտալացի տենոր Մասիմիլիանո Պիսապիոն, ևս երգել է ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր ելույթը ժյուրիի նախագահի և ուկրաինացի երիտասարդ երգիչ Ալեքսանդր Արնաուտովի դուետն էր», - ասել է գործակալության զրուցակիցը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «ոսկե բարիտոնի» արժանացած Պավել Լիսիցյանին (կյանքից հեռացել է 2004 թ.-ին) նվիրված մրցույթի գաղափարը գրավել է Ռուսաստանի և արտասահմանի բազմաթիվ երաժիշտների ուշադրությունը։ Ի սկզբանե մրցույթի կազմկոմիտե է (նախագահն է ՌԴ նախագահի մշակույթի խորհրդական Յուրի Լապտևը) ներկայացվել 75 հայտ՝ 15 երկրից։

Վիճակահանության արդյունքում՝ առաջին փուլում ելույթ են ունեցել 21 տարեկանից բարձր 37 երգիչ, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Հունգարիան և ԱՄՆ-ն։

Մրցույթի միջազգային ժյուրին գլխավորում էր աշխարհի լավագույն բարիտոններից մեկը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Քովենթ Գարդեն» և «Մետրոպոլիտն Օպերա» թատրոնների մեներգիչ Սերգեյ Լեյֆերկուսը, իսկ նրա տեղակալն էր հայտնի երգչի դուստրը՝ Կարիան Լիսիցյանը։

Երաժիշտների միջազգային միության նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իրինա Արխիպովան մրցույթի նախագահն էր։-0-