Ղրիմի բուժիչ աղի լճերը գտնվում են ոչնչացման եզրին, կարծում են բնապահպանները
Ղրիմի բուժիչ աղի լճերը մահանում են, դրանց գրեթե կեսը անվերադարձ կորած են, պնդում են Ղրիմի բնապահպանական հասարակական կազմակերպություների ներկայացուցիչները և գիտնական-բնապահպանները։
«Լճերը աղազատվում են, դրանք աղտոտված են կենցաղային և արդյունաբերական թափոններով, բուժացեխը գողացվում է։ Ընթանում է էկոցիդ՝ եզակի էկոհամակարգի ոչնչացում։ Ոչնչանում է ազգային, համաշխարհային հարստությունը», - Սիմֆերոպոլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Էկոլոգիան և աշխարհը» հասարակական կազմակերպության նախագահ, Բնապահպանության և առողջարանային շինարարության ազգային ակադեմիայի պրոֆեսոր, գիտնական-բնապահպան Վիկտոր Տարասենկոն։
Սակի քաղաքի հիդրոլոգիական կայանի փոխտնօրեն, Ղրիմի աղի լճերի մասին գրքի հեղինակ, գիտնական-հիդրոլոգ Օլեգ Գուլովի տեղեկատվության համաձայն, 20-րդ դարասկզբին թերակղզում կար 48 աղի լիճ։
«Այսօր որոշ լճեր դադարել են գոյություն ունենալ ամբողջությամբ, մի քանիսն էլ՝ մասամբ։ Անվերադարձ կորած է աղի լճերի ընդհանուր մակերեսի 45 տոկոսը», - ասել է Գուլովը մամուլի ասուլիսի ժամանակ։
«20-րդ դարի սկզբին Սակիի լճում կար 21 մլն խորանարդ մետր բուժացեխ, իսկ այսօր աղազատման պատճառով մնացել է մոտ 5 մլն խորանարդ մետր», - նշել է հիդրոլոգը։
Ղրիմի աղի լճերը սև, մուգ մոխրագույն և մոխրագույն բուժացեխերի (բուժիչ հատկությամբ օժտված բարդ օրգանական-բյուրեղային միացություններ) հանքավայրեր են։ Գիտնականները պնդում են, որ Ղրիմի լճերի բուժացեխերը մի քանի անգամ ավելի արժեքավոր են Մեռյալ ծովի ցեխային ռեսուրսներից։-0-