Մոսկվայում մի խումբ դեռահասներ հարձակում են գործել Հայաստանից մեկնած մի երիտասարդի վրա

24.01.2008, 13:59
Մոսկվայում մի խումբ դեռահասներ հարձակում են գործել Հայաստանից մեկնած մի երիտասարդի վրա

Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում մի խումբ դեռահասներ հարձակվում են գործել Մոսկվայի Ատվոճանապարհային ինստիտուտի ուսանող, հայաստանցի 20-ամյա Վլադիմիր Քարամջյանի վրա, հաղորդում են Ռուսաստանի լրատվամիջոցները։

Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցում նրա վրա են հարձակվել 12-18 տարեկան հինգ դեռահասներ։

Սրտի շրջանոում դանակի հարվածներ ստացած տղան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ ուսանողը ճանապարհելիս է եղել իր մտերմուհուն։ Այժմ Քարամջյանը ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ինչպես հաղորդում է Ազգային նորությունների գործակալությունը, օտարերկրացիների վրա հարձակման դեպքերը ամենաշատը գրանցվում են Մոսկվայում և Պետերբուրգում՝ Ռուսաստանի երկու ամենախոշոր քաղաքներում։ Այսպես, 2007 թ. վերջին Պետերբուրգի դատախազությունը տեղեկացրել էր միանգամից մի քանի ծայրահեղական հանցագործությունների բացահայտման մասին։ Ձերբակալված երիտասարդներին դեռևս մեղադրանք չի ներկայացվել. այժմ ակտիվորեն քննվում է նման գործերի խմբին նրանց հնարավոր մասնակցությունը։

2007 թ. սեպտեմբերի 18-ին «Չելյուսկինցիների» այգում հայտնաբերվել էր ազգությամբ հայ Սարգսյանի դիակը՝ բռնի մահված նշաններով։ Դեկտեմբերի 1-ին Օմսկայա փողոցում դանակահարվել էր Վլադիմիր Բրեները (այդ սպանությունը համարեցին խուլիգանական)։ Նույն օրը Լանսկոյ ավտոմայրուղում սպանվել էր Ուզբեկստանի քաղաքացի Ումոջոն Խայիտովը։

2007 թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ամենաաղմկահարույց սպանությունը. մետրոյի վագոնում սափրագլուխները հարձակվել են տուվացի լրագրողուհի և պաշտոնյա Սայանա Մոնգուշի վրա։ Նրան ծեծի են ենթարկել հենց ուղևորների աչքի առաջ։ Գործընկերների և իրավապաշտպանների միջամտությունից հետո գործը ներկայացվել է դատախազություն։

Հետաքննությունը պարզել է, որ հարձակման ենթադրյալ մասնակիցներն իրենց շտաբն են ունեցել՝ Դրեզդենսկայա փողոցի ստորգետնյա ակումբում։ Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, պարզվել է 14-ից 20 տարեկան 11 երիտասարդների ինքնությունը. 5-ը մասնագիտական լիցեյների ուսանողներ են, մեկը՝ 8-րդ դասարանի և մյուսը՝ 9-րդ դասարանի աշակերտներ են։ Նրանցից ութը ձերբակալված են, երեք հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։

Ձերբակալվածների մեծ մասն ունեն ազգային հայացքներ։ Նրանց բնակության վայրից առգրավվել է գրականություն, այդ թվում նաև պայթուցիկների մասին, ինչպես նաև ծայրահեղական բնույթի համակարգչային տեղեկատվություն։ Կասկածյալներից վեցին ներկայացվել է Սարգսյանի սպանության մեղադրանք՝ կատարված «մի խումբ անձանց կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ՝ խուլիգանական դրդապատճառներից ելնելով»։-0-