ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սահակաշվիլուն՝ Վրաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ

21.01.2008, 14:24
ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Սահակաշվիլուն՝ Վրաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շնորհավորել է Միխայիլ Սահակաշվիլուն՝ Վրաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։

«Նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Օսկանյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Թբիլիսիում գտնվելու ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոյի և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ։

Մասնավորապես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շոշափվել են ՀՀ նախագահական ընտրություններին, մասնավորապես ԵԱՀԿ կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման ընթացքը:

Կողմերը դրական են գնահատել վերջին շրջանում ակտիվ քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների միջև:

 

Սիմոնսը ներկայացրել է նաև ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային հարցերը և ՆԱՏՕ-ի գործակցությունը ԱՊՀ տարածաշրջանի գործընկերների հետ:-0-