Լավրովը Վրաստանի` ՆԱՏՕ մտնելու մտադրությունն անվանել է վերջինիս անձնական գործը
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը վրացի ժողովրդի անձնական գործն է, բայց ՌԴ-ն այդ դեպքում ստիպված կլինի հետևություններ անել իր սահմանների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Թբիլիսիի՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքին միանալու մտադրության վերաբերյալ հարցին։
«Դա վրացի ժողովրդի գործն է։ Եթե այդպիսի որոշում ընդունվի, Ռուսաստանը հետևություններ կանի, թե ինչպես նոր իրավիճակում պաշտպանի սեփական անվտանգությունը»,- «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է նախարարը։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ վրացական կողմը, երբ լուծվում էր Վրաստանի տարածքից ռազմակայանների դուրսբերման հարցը, օրենսդրօրեն պարտավորվեց, որ Վրաստանի տարածքում չեն լինի երրորդ երկրների ռազմակայաններ...Տեսնենք...»,-հավելեց Լավրովը։
Վրաստանում հունվարի 5-ին, արտահերթ նախագահական ընտրություններին զուգահեռ, անցկացվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցման վերաբերյալ հանրաքվե, որի արդյունքում քվեարկողների 72,5%-ը դրական պատասխան տվեց այդ հարցին։--0--