Վրացական ընդդիմությունը հունվարի 9-ին կարող է հացադուլ հայտարարել-Գաչեչիլաձե

08.01.2008, 18:26
Վրացական ընդդիմությունը հունվարի 9-ին կարող է հացադուլ հայտարարել-Գաչեչիլաձե

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վրաստանի միասնական ընդդիմության նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն հայտարարել է, որ չորեքշաբթի օրվանից՝ հունվարի 9-ից, կարող է սկսվել հացադուլ՝ որպես բողոքի նշան ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների դեմ։

«Ես ուզում եմ Նինո Բուրջանաձեի և Միխայիլ Սահակաշվիլիի համար հայտարարել։ Կմահանամ, բայց չեմ հանձնվի»,- ասել է նա Վրաստանի հանրային հեռուստատեսության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գաչեչիլաձեն ընգծել է, որ հացադուլը կսկսվի այն դեպքում, եթե չկատարվեն ընդդիմության երկու պահանջները. ուղիղ եթեր և նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ ընտրողների ձայների հաշվարկը կեղծվել է, և նախագահական ընտրություններում հաղթել է ինքը։

Հեռուստաընկերության շենքի առջև տեղի ունեցած միասնական ընդդիմության հանրահավաքին մասնակցել է շուրջ 100 հազ. մարդ։ Հավաքվածներն իրենց առաջնորդի համար ուղիղ եթեր են պահանջել Հանրային հեռուստաընկերությամբ։

Երեքշաբթի Գաչեչիլաձեն ընդդիմադիր դաշինքի այլ առաջնորդների հետ միասին խուժել է ԿԸՀ-ի շենք, նախագահ Լևան Թարխնիշվիլու առանձնասենյակ։ Նրանք մեղադրել են ԿԸՀ նախագահին ձայների հաշվարկում կեղծիքներ թույլ տալու մեջ և նշել են, որ իրենց տվյալներով ընտրություններում հաղթել է ոչ թե Սահակաշվիլին, այլ Գաչեչիլաձեն։ Ընդդիմությունից նախագահի թեկնածուն Թարխնիշվիլուց պահանջել է անհապաղ հրաժարական տալ։

ԿԸՀ ղեկավարը ընդդիմության գործողությունները գնահատել է որպես ճնշում հանձնաժողովի վրա և վերջինիս վախեցնելու փորձ։ Թարխնիշվիլին ընդդիմությանը կոչ է արել  խախտումների վերաբերյալ փաստաթղթերը, եթե այդպիսիք կլինեն, ներկայացնել քննարկման՝ գոյություն ունեցող կարգի համաձայն։

Ձայների հաշվարկի վերջին տվյալներով, ընտրություններում հաղթում է Սահակաշվիլին (52,1%)։ Նրա հիմնական մրցակիցը՝ Գաչեչիլաձեն, հավաքել է ձայների 24,9%-ը։–0--