Սահակաշվիլին հրաժարական կտա նոյեմբերի 25-ին. Վրաստանի նախագահի մամուլի ծառայություն

22.11.2007, 14:33
Սահակաշվիլին հրաժարական կտա նոյեմբերի 25-ին. Վրաստանի նախագահի մամուլի ծառայություն

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը մտադիր է մասնակցել հունվարի սկզբին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին, հրաժարական կտա նոյեմբերի 25-ին, «ՌԻԱ Նովոստիին» է հայտարարել Վրաստանի նախագահի մամուլի ծառայության պետ Վանո Նոնիաշվիլին։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Սահակաշվիլին հրաժարական կտա նոյեմբերի 26-ին։

Վրաստանի Սահմանադրության համաձայն, արտահերթ նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն ոչ ուշ, քան 45 օր հետո՝ պետության գործող նախագահի պաշտոնից հեռանալուց օրվանից։

«Նոյեմբերի 26-ին Վրաստանի նախագահը արդեն պետք է հրաժարական տված լինի։ Մոտակա մի քանի օրերի ընթացքում Միխայիլ Սահակաշվիլին կարևոր հանդիպումներ ունի եվրոպական իր գործընկերների հետ՝ Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ, որոնք Վրաստանում են գտնվելու նոյեմբերի 23-24-ին տեղի ունեցած «վարդերի հեղափոխության» չորսամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ», - ասել է Նոնիաշվիլին։

Նրա խոսքերով, ելնելով այս ամենից՝ պետության նախագահը դեռևս պետք է կատարի պաշտոնական իր պարտականությունները։ Վրաստանի նախագահի հրաժարականից հետո, Սահմանադրության համաձայն, պետության նախագահի լիազորություններն ավտոմատ կերպով անցնում են երկրի խորհրդարանի խոսնակին։ Հրաժարականից հետո Սահակաշվիլին կսկսի պաշտոնական նախընտրական արշավը՝ երկրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրելու համար։ Արտահերթ նախագահական ընտրությունները Միխայիլ Սահակաշվիլին նշանակել է նոյեմբերի 7-ին՝ ընդդիմության բազմահազարանոց հավաքը ցրելուց հետո։-0-