Ռուսաստանի ԿԸՀ-ն 2008թ. վերջին հնարավոր է փորձարկի Ինտերնետի միջոցով քվեարկություն անցկացնելու տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ տարվա վերջին ՌԴ ԿԸՀ-ն, հնարավոր է, Ռուսաստանի տարածաշրջաններից մեկում կանցկացնի փորձնական ընտրություններ, որոնց ժամանակ ընտրողները քվեարկելու են Ինտերնետով, հաղորդում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը։
«Հնարավոր է, որ հաջորդ տարվա վերջում մենք մի առանձին տարածաշրջանում փորձարկման կարգով Ինտերնետ համակարգում կազմակերպենք իսկական կամ փորձնական ընտրություններ»,- երեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Չուրովի խոսքով, ներկայումս ոչ միայն Ռուսաստանը, այլև մի ամբողջ շարք ուրիշ երկրներ հետաքրքված են Ինտերնետ քվեարկությամբ։ ՌԴ ԿԸՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ որոշ երկրներում փոստով քվեարկությունը փոխարինել են Ինտերնետ քվեարկությամբ։ Միաժամանակ, քվեարկության կազմակերպիչները բախվում են մի շարք խնդիրների հետ։
«Լինում են խափանումներ, չի պահպանվում քվեարկության գաղտնիությունը»,- ասաց ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովը։ --0—