ԱՊՀ ՀԱԿ ղեկավարն առաջարկում է մշակել ԱՊՀ երկրների տրանսպորտային անվտանգության միասնական հայեցակարգ

30.10.2007, 17:17
ԱՊՀ ՀԱԿ ղեկավարն առաջարկում է մշակել ԱՊՀ երկրների տրանսպորտային անվտանգության միասնական հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների տրանսպորտային անվտանգության միասնական հայեցակարգ մշակելու օգտին է հանդես եկել ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Անդրեյ Նովիկովը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

«Տրանսպորտային անվտանգության հայեցակարգը պետք է տարածել Համագործակցության բոլոր երկրներում։ Այս խնդրի լուծումը թույլ կտա ոչ միայն նվազեցնել ահաբեկչական ռիսկերը ԱՊՀ տրանսպորտային հաղորդակցություններում, այլև արդյունավետ ինտեգրել այդ տրանսպորտային համակարգերն ընդհանուր համաշխարհային շուկաների մեջ»,-հայտարարել է Նովիկովը՝ երեքշաբթի ելույթ ունենալով «Հակաահաբեկչություն. համակարգված մոտեցում» գիտա-գործնական կոնֆերանսում։

Նրա կարծիքով, ԱՊՀ միասնական տրանսպորտային քաղաքականության մշակումը պետք է զուգորդվի ահաբեկչության դեմ պայքարի նույնպիսի միասնական քաղաքականությամբ։ Այսօր առավել արդիական խնդիրը, կարծում է Նովիկովը, ուժային որոշումները տնտեսականների և տեխնոլոգիականների հետ համադրելն է, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում շահագրգիռ կողմերի թվի ընդլայնումը։

«Հակաահաբեկչություն. համակարգված մոտեցում» գիտա-գործնական կոնֆերանսն անցկացվում է Մոսկվայում՝ «Ինտերպոլիտեխ» 11-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որի տեղեկատվական հովանավորը «ՌԻԱ Նովոստին» է։–0--