Իտալացի հեղինակ Ջովանի Գուայթի «Շեյխ Ֆեյեզ էլ-Հուսեյնը հայերի ցեղասպանության մասին. «Իսլամն անմասն է նրանց արարքներից» գրքի շնորհանդեսը, տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայում, Արտասահմանյան գրականության համառուսական գրադարանի մեծ դահլիճում, «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության նախաձեռնությամբ։
Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին, առաջին անգամ ռուսերենով ներկայացվում է Սիրիայի արաբ բեդուին Ֆայզել էլ-Հուսեյնի վկայությունը, որը Եղեռնի ականատեսն է եղել։
Իր հուշերը նա գրառել է 1916-ին, երբ դեռ թարմ էին նրա տեսած ողբերգության մասին հուշերը։ Որպես մուսուլման, Էլ-Հուսեյնը ցանկանում էր պաշտպանել իսլամը և ցույց տալ, որ կատարված ոճրագործությունները հակասում են նրա հիմքերին, որ կատարված հանցանքների համար պատասխանատվություն է կրում երիտթուրքերի կառավարությունը։
Հեղինակը՝ իտալացի գրող, պատմաբան Ջովանի Գույթան գրքում զետեղել է նախաբան և աղբյուրաբանական ու գիտա-պատմական բնույթի մանրակրկիտ մեկնաբանություններ։
Շնորհանդեսի ժամանակ Եղեռնի վերաբերյալ ելույթ կունենան դիվանագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիական, վերլուծական և հասարակական կազմակերպությունների անդամներ։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-