Ռուսգյուղատնտեսության վերահսկողությունը արգելել է Հայաստանից դեպի Ռուսաստան անասնաբուծական արտադրանքի ներմուծումը
Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողությունը արգելել է Հայաստանից դեպի Ռուսաստան անասնաբուծական արտադրանքի ներմուծումը Հայաստանում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով, ասվում է Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության ծառայության տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունը նաև ժամանակավոր արգելել է Հայաստանից դեպի Ռուսաստան բուսական ծագում ունեցող արտադրանքի ներմուծումը՝ ներառելով տրանզիտ տեղափոխումները երրորդ երկրներից ձեռքի բեռում, ուղեբեռում և փոստային առաքման մեջ տարանցիկ մատակարարումը, ինչպես նաև հացահատիկի բեռնաթափումից հետո Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղային վագոնների ետ ընդունումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Անցած շաբաթ Վրաստանին սահմանակից Լոռի և Տավուշի մարզերում արձանագրվել է խոզերի անկում։ Այս պատճառով մարզերում իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որոշ տեղերում տեղադրվում են կարանտինային կետեր։
Ռիսկային գոտիներն են Վրաստանին սահմանակից Հայաստանի մարզերը, որտեղ վերջին տվյալներով սատկած խոզերի թիվը գերազանցել է 21 հազարը։
Խոզերի վարակման փաստը ռուս մասնագետները հաստատել են այս շաբաթ։
Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։
Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։-0-