Լրանում է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու 70-ամյակը

20.08.2007, 16:19
Լրանում է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու 70-ամյակը

Ռուսաստանում և ԱՄՆ-ում ֆիլմեր նկարահանող, բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների մրցանակակիր, երեք անգամ «Օսկարի» ներկայացված ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին երկուշաբթի նշում է իր 70-ամյա հոբելյանը։

Նրան են պատկանում այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Առաջին ուսուցիչը», «Ազնվական բույնը», «Ասյա Կլյաչկինայի պատմությունը, որը սիրեց, բայց չամուսնացավ», - տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկայում են թողարկվել նրա հետևյալ ֆիլմերը. «Մարիայի սիրեցյալները»՝ Նաստասիա Կինսկիի մասնակցությամբ, «Տանգո և Կեշ» բլոքբաստերը՝ Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ, «Փախչող գնացքը»՝ ըստ Ակիռա Կուռոսավայի սցենարի, որը տեղ գտավ համաշխարհային կինոհանրագիտարաններում և նրան համաշխարհային փառք բերեց։

1997 թ.-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ  Կոնչալովսկին կինոաստղ Ջինա Լոլոբրիջիդայի ձեռքից ստացավ կինոմատոգրաֆում ունեցած ներդրումի համար մրցանակը։

Կինոյից բացի, Կոնչալովսկին թատրոններում բեմադրել է հայտնի դրամատուրգների՝ Չեխովի և Սթրինբերգի գործերը։ Նա բեմադրել է «Ճայը»՝ Փարիզի «Օդեոնում», Սթրինդբերգի «Միսս Ժյուլին»՝ Մոսկվայում, «Եվգենի Օնեգին» և «Պիկովայա դամա» օպերաները՝ «Լա-Սկալայում» և Փարիզի Բաստիլում, «Պատերազմ և խաղաղությունը»՝ Մարիինյան թատրոնում և Մետրոպոլիտեն օպերայում։  

Կոնչալովսկին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է, մասնավորապես, «Մտահղացման այլաբանություն», «Ստորին ճշմարտություններ», «Ազնվացնող սուտ»։

Ռեժիսորի հոբելյանի նախօրեին՝ օգոստոսի 19-ին, «Պուշկինսկի» կինոթատրոնում տեղի ունեցավ նրա «Փայլ» նոր ֆիլմի առաջին ցուցադրումը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկը հայտնի դերասան Եֆիմ Շիֆրինն է։ 

«Կոնչալովսկին այն արվեստագետն է, որին դժվար է որոշել ձեռագրից», - ասել է Ե. Շիֆրինը՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր ֆիլմի համար Կոնչալովսկին ստեղծում է «կոորդինատների իր համակարգը»։

«Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ձեռագիրը, երբեմն՝ շեղատառ, երբեմն՝  հաստագիծ։ Անդրեյ Սերգևիչը արվեստագետ է, որը միշտ փնտրում է իր ձեռագիրը, նա այն արվեստագետներից է, որոնք երբեք չեն մեջբերում իրենք իրենց։ Դա մեծ վարպետի զարմանալի հատկություն է։ Իզուր չէ, որ ինքը՝ Կոնչալովսկին կարծում է «որ արվեստում իսկական երջանկությունը փնտրելը և գտնելն է»», - ասել է Ե. Շիֆրինը։

Իսկ ինչ վերաբերում է ամենամեծ երազանքին, ապա Կոնչալովսկին իր համար սահմանում է այն հետևյալ կերպ. «Ասել ճշմարտությունը, և որպեսզի քեզ դրա համար սիրեն»։-0-