Սիմոնյանը հայտնել է ՀՀ-ում էլիտաների հեղաշրջման փորձի մասին և չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը

08.12.2020, 16:05
Սիմոնյանը հայտնել է ՀՀ-ում էլիտաների հեղաշրջման փորձի մասին և չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը
Սիմոնյանը հայտնել է ՀՀ-ում էլիտաների հեղաշրջման փորձի մասին և չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է Հայաստանում էլիտաների հեղաշրջման փորձի մասին, ինչպես նաև չի բացառել երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

« Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ:

Սիմոնյանն ընդգծել է, որ 2018թ.-ի հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (նախապես նշելով, որ, բնականաբար, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են իրենց հնարավորությունները:

«Այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, բայց զավեշտը կրկին նրանում է, որ չեն ուզում ընտրություններ»,- նշել է նա: 

Ալեն Սիմոնյանը չի բացառել նաև արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց ընդգծել, որ դա իր անձնական տեսակետն է, նման որոշում չկա։

«Կարող են լինել արտահերթ ընտրություններ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսները ավարտված են, որ ռազմագերիների հարցը, որը ամենակարևոր խնդիրն է, լուծված է ինչ-որ ձևով և վտանգի չի դնի, երբ մարդկանց մոտ այդ հուզմունքը կվերածվի սառը դատողության։ Ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Ես չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: Ես դրա մեջ համոզված եմ»։

Նաև Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանում իշխանությունը ընտրում է ժողովուրդը, ոչ թե մի քանի կուսակցություններ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց իշխանությունը եզակի իշխանություն է, որը այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է, օրինակ, Վազգեն Մանուկյանը լինի։ Կարող է դուք ուզում եք, որ լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ-որ մեկը»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։-0-