«Սատանան մանրուքների մեջ է». Թովմասյանի գրիչի պատմությունը շարունակվում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր Facebook-յան էջում ուղիղ եթերով անդրադարձել է նախօրեին Հրայր Թովմասյանի գրիչի վերաբերյալ գրառմանը՝ խոսելով այդ «փոքր դետալի» կարևորության մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հրապարակեց գրիչի լուսանկար` նշելով, որ այն Թովմասյանին է պատկանում. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»:
«Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում ամեն ինչի սիմվոլն է: Սատանան մանրուքների մեջ է»,- ասել է Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ:
«Քանի որ ի ցույց էի դրել մանրուքը և ոնց որ թե ֆոնը լրիվ չէի բացել, այդ մանրուքը երբեմն կարող է ծիծաղելի թվալ: Գրիչն այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, ՍԴ նախագահը լիներ այնպիսի Սահմանադրական դատարանի նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ նախագահը՝ դրա ստեղծման առաջին օրից»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ երբ 2018թ-ի մայիսին «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը ժամանակ չի ունեցել ՍԴ դատարանի գործող զբաղվելու համար:
«ՍԴ դատարանի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել: Չի եղել, որ ինչ-որ հարց լինի կամ որոշում, որի հետ կապված մենք խնդիր ունենանք: Բայց եղել է սկզբունքային հարց, մի փաստ, որը առնվազն ստուգման կարիք ունի: Այդ փաստը դրված է եղել սեղանին: Այդժամ չկա ընտրություն՝ դրանով պետք է, թե պետք չէ զբաղվել »,- նշել է վարչապետը՝ այնուհետև անդրադառնալով Վահե Գրիգորյանի կողմից հրապարակված նամակին:
«Երբ որ հրապարակային Վահե Գրիգորյանի նամակը պայթեց, օպերատիվ ինֆորմացիաները սկսեցին մեծ ծավալներով հոսել, դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենամեծ բացահայտումը: Եթե մյուս դեպքերում կարող են խոսել անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահին կամ ՍԴ-ն առնել վերահսկողության տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սիրո և համերաշխության հեղափոխությամբ իշխանության գալը չի կարող համադրելի լինել «խամաճիկային» ՍԴ ունենալու խնդրի հետ, իսկ Թովմասյանը հասկացել է դա:
«Երբ որ ՍԴ նախագահը տեսել է մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն: Պատկերացնում եք, ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն: Եվ այո, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Կարծում եմ՝ պետք է հետաքննվի, որ այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվել, որ սա Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,- ընգծել է վարչապետը:-0-