Սա բեսպրեդել է և տեռոր. Նաիրա Զոհրաբյանը վրդովված է ԱԺ-ում ԱԱԾ-ի գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ոստիկանական քննիչները մտադիր են խուզարկություն իրականացնել ԱԺ իր աշխատասենյակում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հունիսի 16-ին նախատեսվում է նիստ անցկացնել, որտեղ կքննարկվի ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Գլխավոր դատախազությունը նախատեսում է Ծառուկյանին ներգրավել որպես մեղադրյալ, 2017թ.-ի ապրիլի 2-ի կայացած խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու գործով:
«Հարգելի հայրենակիցներ սա բեսպրեդել է, սա այլևս անկասելի բեսպրեդել է: Կամ մենք ձեզ հետ միասին կասեցում ենք ոստիկանական ԱԱԾ-ական տեռորը կամ երկիրը այլևս ապագա չունի: Ինձ լռեցնել հնարավոր չէ որևէ բանում, ծիծաղելի է մտածել իմ հանդեպ քրգործեր հարուցելու մասին, խիղճս էլ մաքուր է, պայքարելու եմ մինչև վերջ, որևէ բանից չեմ վախենում, որևէ բանից չեմ ընկրկելու, ամեն հնարավոր սցենարներին պատրաստ եմ»,- հայտնել է Զոհրաբյանը լրագրողներին:
Այդ թվում Զոհրաբյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ նշելով, որ սա տեռոր է, և կոչ անելով չլռե, արձագանքել:
Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է ներկայացրել, որ ոստիկանությունը, փաստորեն պատրաստվում էր խուզարկություն իրականացնել ոչ թե իր ԱԺ աշխատասենյակում, այլ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակում: -0-