ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 1-ին նշում է Զատիկը` Քրիստոսի հրաշափառ հարությունը:
Քրիստոսի Հարությունը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լիալուսնին հաջորդող կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում: Զատիկը հրեական Փեսախ բառից է, որը նշանակում է «անց կեցավ», երբ մահվան հրեշտակն անցավ հրեաների տների մոտով` տեսնելով դրանց դռներին քսած գառան արյունը և ձեռք չտվեց նրանց առաջնեկներին: Փեսախը խորհրդանշում էր ազատում եգիպտական գերությունից: Նոր Ուխտում Զատիկը Քրիստոսն է և խորհրդանշում է ազատում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Ավետարանի համաձայն, Հիսում Քրիստոսի` խաչի վրա մահից հետո Սիմոն հարուստը հանել է Քրիստոսի մարմինը խաչի վրայից և թաղել ժայռափոր գերեզմանում, որը մուտքը փակվում էր հսկա քարով:
Երեք օր անց երեք կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հովնաննան և Հակոբոսի մայր Մարիամը եկել են գերեզմանի մոտ, որ անուշաբույր յուղերով օծեն Տիրոջ մարմինը: Սակայն մոտենալով, տեսել են, որ գերեզմանի մուտքի քարը չկա, իսկ գերեզմանը դատարկ է: Այդ պահին նրանց առջև հայտնվել են ճերմակ հանդերձներով երկու այր և ասել. «Ինչու՞ եք մահացածների մեջ փնտրում Նրան: Նա այստեղ չէ, այլ հարություն է առել»: (Ղուկ. 24: 5-6):
Յուղաբեր կանայք բարի լուրն ավետել են առաքյալներին, ինչից հետո Հիսուս հայտնվել է նրանց:
Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է: «Եթե չկա մեռելների հարություն, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունն իզուր է, մեր հավատն էլ է իզուր» (Ա Կորնթ. 15:13-14):
Զատկին հավատացյալները հավկիթներ են ներկում: Այն հարության և նոր կյանքի խորհրդանիշ է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որ թափվեց ի թողություն մեղաց:
Ճրագալույցի Պատարագից հետո սկսվում են Սուրբ Հարության տոնակատարությունները: Կիրակի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ: Ողջունելով միմյանց` քրիստոնյաներն ասում են միմյանց. «Քրիստոս հարեավ ի մեռելոց: - Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այս խոսքերը հիշեցնում են առաքյալների զարմանքը, երբ Քրիստոս հայտնվեց նրանց իր հարությունից հետո:
Հավատացյալ ժողովուրդը Մեծ Պահքից հետո Հաղորդություն է առնում գինով և հացով` մաքրվելով հնից և հագնելով նոր հոգի ու մարմին: -0-