Փաստաբան. Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը պետական պատվեր է

28.06.2016, 16:46
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը փորձ է երկար ժամանակով զրկել նրան ազատությունից:
Փաստաբան. Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը պետական պատվեր է
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը փորձ է երկար ժամանակով զրկել նրան ազատությունից և, հետևաբար, ցանկացած քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունից, հայտարարեց Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Պաշտպանությունը գտնում է, որ Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը պետական պատվեր է, որի համար առիթ են հանդիսացել նրա քաղաքական հայացքները, գործունեությունը, ինչպես նաև ապրիլի սկզբին մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կրած իրական տարածքային կորուստների վերաբերյալ հայտարարությունները», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Սեֆիլյանի հայտարարույթունից հետո, փորձեր են արվել կեղծ տեղեկատվության հրապարակման միջոցով վարկաբեկել նրան, և, ի վերջո, հիմնական գործիք է ծառայել քրեական գործի հարուցումն և կալանքը:

Փաստաբանի խոսքով, պաշտպանության կողմը գտնում է, որ քրեական գործի իրական նպատակն է ամեն գնով Սեֆիլյանին ազատազրկելը:

«Այս առումով քննչական կոմիտեն հերթական անգամ պատվեր կատարող է: Հիշեցնեմ, որ սա Սեֆիլյանի նկատմամբ առաջին քրեական գործը չէ: ՔԿ-ում ևս մեկ գործ է հարուցված, որի նպատակն էր թույլ չտալ Սեֆիլյանին և նրա հետևորդներին ապրիլի 24-ին օրենքով թույլատրված միջոցառում անցկացնել: Այս կապակցությամբ կալանավորվել են մի շարք մարդիկ, ովքեր ապրիլի 24-ից հետո ազատ են արձակվել: Այդ քրեական գործը մինչ այժմ «քնած» վիճակում է:

«Հետաքննության ընթացքում մի շարք սխալներ են գրանցվել: Դրանցից մեկը առերեսումներն են, որոնց ընթացքում պաշտպանության կողմից չէր թույլատրվում ծանոթանալ գործի նյութերին կամ հարցեր տալ», - նշեց Զաքարյանը:

Հունիսի 23-ին «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով` երևանյան հեռուստաաշտարակի վրա հարձակում գործելու մեղադրանքով։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Իրավապաշտպան Արևիկ Իշխանյանի կարքիով, Սեֆիլյանի կալանավորումը ակնհայտ քաղաքական բնույթ ունի: -0-