Փաշինյանը թարմացրեց ժողովրդական շարժման վաղվա «ճանապարհային քարտեզը»

26.04.2018, 20:56
Ժողովրդական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում ներկայացրեց վաղվա անելիքները։
Փաշինյանը թարմացրեց ժողովրդական շարժման վաղվա «ճանապարհային քարտեզը»
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ժողովրդական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում ներկայացրեց վաղվա անելիքները։

Նա հայտնեց, որ ուրբաթ օրվա հանրահավաքը կկայանա ոչ թե Երևանում, այլ Գյումրիում ժամը 18։00–ին։

Երևանում շարժումը գործողություն չի իրականացնում` հանգստանալու և ուժերը վերականգնելու նպատակով։

«Երևանում վաղվա բոլոր գործողությունները առժամանակ դադարեցնում ենք, որ մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան, բայց եթե կան Երևանում մարդիկ, ովքեր ինձ պես այդ խնդիրը չունեն, վաղը՝ ժամը 15:00-ին, իրենց մեքենաներով եղեք Աշտարակի խճուղում, ավտոերթով կգնանք դեպի Գյումրի»,– ներկայացրեց նա։

Ապրիլի 28–ին ժամը 15։00–ին հանրահավաք կլինի Վանաձորում։

Փաշինյանի հաղորդմամբ, հաջորդ օրերին` մինչև մայիսի 1–ը, ժողովրդական շարժման գործողությունները կվերսկսվեն Երևանում նոր թափով և ծավալով։

Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-