Փաշինյանը մեկնաբանել է Մեղրին հանձնելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
12.11.2020,
15:25
Փաշինյան․ Փաստաթղթի բովանդակությունը իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Փաստաթղթի բովանդակությունը իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Այս մասին իր ուղեերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,- ասաց նա:
Загружается новость ... "Лево"
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ՝ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում, ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ՝ ամբողջ տարածությամբ, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այս հատվածի սահմանի անվտանգությունը, այնպես որ, ըստ վարչապետի, խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները, իշխանությունները ամեն ինչ կանեն՝ հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:-0-