Փաշինյանի գործողությունը պարունակում է իրավախախտման հատկանիշներ. Ոստիկանություն

14.04.2018, 17:00
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում դիմեց համաքաղաքացիներին ուղերձով:
Փաշինյանի գործողությունը պարունակում է իրավախախտման հատկանիշներ. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում դիմեց համաքաղաքացիներին ուղերձով:

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ռադիոյի շենք քաղաքացիների մուտք գործելու առթիվ` Փաշինյանի գործողությունները բնութագրելով որպես իրավախախտում:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ է և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո»,- ասվում է Ոստիկանության հաղորդման մեջ:

Հաղորդագրության համաձայն, նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Նշվում է նաև, որ ոստիկանության ծառայողը պահանջել է Նիկոլ Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը:

«Նիկոլ Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր: Գործողությունն առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն: Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում»,- ասվում է հաղորդման մեջ:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանությունը կոչ է արել հավաքի կազմակերպչին և հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց:

Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։

Ցուցարարները` «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք բողոքում են վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեմ, ուրբաթ երեկոյան փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակի երթևեկը։ Նրանք ամբողջությամբ արգելափակել են հրապարակի բոլոր հինգ մուտքերն ու նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր հատվածի համար։ Այս պահին կաթվածահար է եղել Թումանյան–Հյուսիսային պողոտայի, Թումանյան–Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան–Բաղրամյան պողոտայի երթևեկը։ -0-