Պարզվում են հայ զինծառայողի մահվան հանգամանքները

16.05.2017, 19:31
Քննություն է ընթանում կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան հանգամանքների պարզաբանման ուղղությամբ:
Պարզվում են հայ զինծառայողի մահվան հանգամանքները
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Գլխավոր Ռազմական քննչական վարչությունում քննություն է ընթանում կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան հանգամանքների պարզաբանման ուղղությամբ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Պարտադիր ծառայող կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մարմինը հայտնաբերվել էր մայիսի 14-ին, մատավորապես 15:15-ի սահմաններում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գծի մարտական դիրքերի զորամասերից մեկում: Նա հրազենային վնասվածք էր ստացել կզակի հատվածում:

Այդ փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Կրտսեր սերժանտի մահվան հանգամանքները և նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալները ստուգելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները՝ բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննություն իրականացնելու նպատակով:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատատրասոլոգիական և դատաձգաբանական փորձաքննություններ: -0-