Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու

05.12.2016, 20:27
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով, ով նոյեմբերի 19–ի հերթական քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանում երեխաները պետք է տիրապետեն երեք օտար լեզվի։

Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակներում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:

«Պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության և այլն»,– երկուշաբթի ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խմբի անդրանիկ նիստում։

Ընդգծվել է օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը: -0-