Նախընտրական կրքեր. Երևանում բախվել են երկու դաշինքների ընտրական շտաբների ներկայացուցիչները

07.12.2018, 15:38
«Իմ քայլը» և «Մենք» դաշինքների ընտրական շտաբների ներկայացուցիչների միջև նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել։
Նախընտրական կրքեր. Երևանում բախվել են երկու դաշինքների ընտրական շտաբների ներկայացուցիչները
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների ընտրական շտաբների ներկայացուցիչների միջև նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել։

Ինչպես Facebook–ի իր էջում գրել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը, նախօրեի ոչ աշխատանքային ժամին թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

«Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…»,– գրել է թեկնածուն, նշելով, որ այդ առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Մեսրոպ Պապիկյանն իր հերթին Facebook–ի իր էջում գրում է, որ նախօրեին հարձակվել են ու ծեծել են իր թիմի անդամներից մեկին:

«Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել»,– գրում է նա, նշելով, որ կատարվածի առթիվ նա դիմել է ոստիկանություն։

Загружается новость ... "Право"

Պապիկյանի խոսքով, ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացել են «Մենքի» շտաբ, փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց իրենց լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանվի, թե ով է նման բան արել:

«Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»,– գրել է նա։

Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–