Մեզ հաջողվեց իրականացնել մինի-հեղափոխություն. Փաշինյանը՝ հանրային վերահսկողության ֆլեշմոբի մասին (ՎԻԴԵՈ)

03.06.2020, 19:39
Հրեշավոր իրականության բացահայտում և մինի-հեղափոխություն. Փաշինյանը՝ հանրային վերահսկողության ֆլեշմոբի մասին. ՎԻԴԵՈ
Մեզ հաջողվեց իրականացնել մինի-հեղափոխություն. Փաշինյանը՝ հանրային վերահսկողության ֆլեշմոբի մասին (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան հերթական նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ գտել է պատճառը, թե ինչու են ՀՀ-ում COVID-19- դեպքերը գնալով շատանում:

«Դիմեցի հանրությանը, որպեսզի Facebook-յան օգտատերերը բացահայտեն աղաղակող դեպքեր: Այս գործընթացում բացահայտվեց հրեշավոր իրականություն: Իսկ դա այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակամահաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ: Այս իրավիճակում շատ ընդունված է ոստիկանության հասցեին քննադատության խոսքեր ասելը, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ գործ ունենք 2018.թ-ի հեղափոխության հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ»,- նշել է Փաշինյանը:

Նա հայտնել է, որ ոստիկանության արդյունավետությունը կախված է գործողությունների ծավալից, կա մի գործողություն, որ դրանից ավելին ուժային ոչ մի կառույց չի կարող անել այդ երևույթի դեմ պայքարում:

«Հանրային ֆլեշմոբի արդյունքում պարզվեց, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում հանրության ամենատարբեր շերտերը՝ ամենալայն ծավալներով: Գաղտնի հարսանիքներ, վերջին զանգեր, խնջույքներ, այլ տոնական միջոցառումներ, այս ամենն իր ծավալներով բերեց եզրակացության, որ գործ ունենք հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ»,- նշել է նա: 

Նա ընդգծել է, որ իր համար շատ կարևոր էր հասկանալ, թե ինչու են մարդիկ այսպես վերաբերվում և ինքը գտել է հարցի պատասխանը:

«Որքան էլ զարմանալի թվա, 2020թ.-ին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, առաջին 6 ամիսների տվյալներով, քան 2019թ-ին: Որո՞նք են պատճառները: Չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, և սա չի կարող ենթագիտակցական ազդեցություն չունենալ: Ի՞նչն է պատճառը. կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը և այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Ինչո՞ւ են ավելի քիչ մահացել, որովհետև կորոնավիրուսի բերումով ավելի մեծ թվով մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը, խոսելով հանրային վերահսկողության ֆլեշմոբի մասին,  շնորհակալություն է հայտնել  ֆլեշմոբի մասնակիցներին և նշել, որ շարունակելու է այն: 

«Այսօր մեզ հաջողվեց իրականացնել մինի-հեղափոխություն: Մենք տեսանք կարգապահության առնվազն տեսանելի որոշակի փոփոխություն»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով հանրային վերահսկողության մասին:-0-