Մարիխուանայի պաշարներ են հայտնաբերվել Արարատի և Երևանի բնակիչների մոտ

31.03.2018, 11:45
ՀՀ ոստիկանները թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ զբաղվող անձի են հայտնաբերել Արարատի մարզում:
Մարիխուանայի պաշարներ են հայտնաբերվել Արարատի և Երևանի բնակիչների մոտ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանները թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ զբաղվող անձի են հայտնաբերել Արարատի մարզում:

Ոստիկանության համապատասխան վարչությունում տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկել են Արարատի մարզի Արբաթ գյուղում ապրող 40-ամյա Մարտիրոսյանի տունն ու օժանդակ շինությունները։

«Հայտնաբերվեցին կանեփի նմանվող խնամված բույսեր, կանեփի սերմեր, ինչպես և տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգվածներ, որոնք լցված էին տարբեր տարաների մեջ, նաև փաթեթավորված էին թղթերով ու պոլիէթիլենային տոպրակներով»,- ասվում է հաղորդման մեջ:

Загружается новость ... "Право"

Զանգվածների ընդհանուր քաշը 5 կգ 300 գրամից ավելի էր։

Նույն օրը, Երևանում ապրող մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա էր։
  
Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցը երիտասարդը գնել է Սևակ Մարտիրոսյանից։
Ե՛վ Մարտիրոսյանի տնից, և՛ երիտասարդի մոտից հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության։

Սևակ Մարտիրոսյանը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ -0-