ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։
Ինչպես հայտնում է
aysor.am–ը, նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ բավարարելով Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը։
«Որոշումը օրինական ու հիմնավոր էր», - ասել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Գրիգորյանի՝ ազատ արձակվելուց հետո Էջմիածնի բնակիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում Երևանում և Էջմիածնում` փակելով մայրաքաղաքից Վաղարշապատ տանող ճանապարհը։ -0-