«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացված է (ՎԻԴԵՈ)

25.08.2019, 13:02
Նախօրեին «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը կիրակի ժամը 05:24-ին մեկուսացվել է:
 «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացված է  (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը կիրակի ժամը 05:24-ին մեկուսացվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընհանուր 434 փրկարար (19 մարտական հաշվարկ):

Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

Առողջապահության նախարարության տվյալներով, Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 10 քաղաքացի։ Բոլորը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցներից:

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-