Կկասեցվի Սևանի White Shorja հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները

03.08.2020, 23:38
White Shorja-ի գործունեությունը կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի
Կկասեցվի Սևանի White Shorja հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իմ կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

Նա հայտնել է, որ հանդիպում է ունեցել «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։ 

«Մենք ունենք տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։

Քննարկեցինք Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակենք խորքային բարեփոխումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր»,- գրել է նախարարը։ 

Նա նշել է, որ դիտարկումներ է արել ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ 

Загружается новость ... "Лево"
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Պետրոսյանի խոսքով՝ այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։ 

«Իմ կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ»,- գրել է Շրջակա միջավայրի նախարարը։

Նա նշել է, որ գնալու են այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ 

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։

«Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։ Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ»,- ընդգծել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքը լայնորեն քննարկվեց, որին մասնակցել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այնտեղ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։-0-