ԿԲ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում. ԿԲ-ն մեկնաբանել է

12.05.2020, 15:30
ԿԲ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում. ԿԲ-ն մեկնաբանել է
ԿԲ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում. ԿԲ-ն մեկնաբանել է

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԲ-ն դատապարտում է հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունները, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքներից։ Նրանք պահանջում են հանդիպել ԿԲ–ի ներկայացուցչի հետ: Հետո լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների և այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Ամեն ինչ սկսվեց, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից մեկին։

ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: 

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով»,- նշում են ԿԲ-ից:

Նշվում է, որ այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով:

ԿԲ հաղորդագրության համաձայն, քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ:

«Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը»,- նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: -0-