Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը

09.03.2020, 19:54
Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագիրը
Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:

Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:-0-