«Ինձ մեղադրել են հանցագործություններում, որոնք ես չեմ կատարել». Վանեցյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց չկալանավորել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:
Դատարանը բավարարել է ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը:
Ինչպես հայտնել է լրագրողներին ինքը՝ Վանեցյանը, դատարանից դուրս գալով, նիստը կշարունակվի այսօր 23.30:
«Արդարությունը դեռևս կա և արդարությունը այս փուլում հաղթեց: Ինձ մեղադրել են ինչ-որ հանցանքների մեջ, որոնք ես իրականում չեմ կատարել: Եվ պատճառը մեկն է՝ ինձ հեռու պահել քաղաքական պրոցեսներից, որպեսզի այդ դավաժանական իշխանությունը, որը կա հիմա Հայաստանում, իր սարսափելի ծրագիրն ավարտն հասցնի: Բայց մենք դա թույլ չենք տա»,- նշել է Վանեցյանը:
Նա վստահեցրել է, որ «որևէ հանցանք չեմ գործել, ոչ այս պահին, ոչ առհասարակ իմ կյանքում»:
«Այս իշխանությունները, խախտելով Սահմանադրությունը, ժողովրդի թիկունքում գաղտնի ստորագրել են Հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ մի պայմանագիր»,- նշել է նա:
Վանեցյանն ընդգծել է, որ հանրությունը պետք է հասկանա, որ Արցախի վերաբերյալ հայտարարությունը պարզապես համաձայնություն չէ, այն վերաբրեում է պետության և ազգի ապագային:
«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև իրական հաղթանակ»,- հայտնել է նա:Այս քրեական գործի մեղադրյալների թվում, բացի Վանեցյանից, կան նաև ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս, գնդապետ Աշոտ Մինասյանը (այսօր դատարանի որոշմամբ ձերբակալված), նախկին տեղակալ Վահրամ Բաղդասարյանը (նույնպես ձերբակալված է) և ՀՅԴ անդամ Ա.Ա.-ն: (լրիվ անունը չի նշվում - խմբ.): Նրանք մեղադրվում են դիվերսիայի նախապատրաստման, պետական գործչի սպանության, զենք ու զինամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: Ըստ որոշ հաղորդագրությունների ՝ խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի նախապատրաստմանը:-0-