Հրապարակվել է պարետի որոշումը. փոփոխություններ, սահմանափակումներ և հսկողության կանոններ գործունեության տարբեր ոլորտներում

03.05.2020, 11:28
Հրապարակվել է պարետի որոշումը. ի՞նչ փոփոխություններ, սահմանափակումներ և հսկողության կանոններ են նախատեսված գործունեության տարբեր ոլորտներում


Հրապարակվել է պարետի որոշումը. փոփոխություններ, սահմանափակումներ և հսկողության կանոններ գործունեության տարբեր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ մայիսի 4-ից ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մասով նոր փոփոխությունների վերաբերյալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Загружается новость ... "Лево"

«Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում»,- նշել է Տիգրան Ավինյանն իր Facebook-յան էջում:

Տեղաշարժի սահմանափակումների մասով պարետը, մասնավորապես, հայտնել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում՝

  • Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,

  • Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,

  • Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է,

  • Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը,

Տնտեսական գործունեության սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝

  • Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,

  • Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,

  • Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,

  • Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,

  • Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,

  • Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,

  • Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:

  • Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:

Պարետը նաև ներկայացրել է կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել սահմանափակումների մեղմացումներից հետո:

«Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,- նշել է նա:

Առավել մանրամասն փոփոխություններին ու նոր կանոններին կարող եք ծանոթանալ որոշման մեջ՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf

Նաև պարետը հայտնել է, որ սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է:

«Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»,- նշել է Ավինյանը:

Նա ընդգծել է նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։ 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:-0-