Հինգշաբթի` մայիսի 2–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)
03.05.2019,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` մայիսի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել շարժական սրճարանների տերերը։ Ինչպես նշել է Շարժական սրճարանների միության հիմնադիր Արեն Մելիքյանը, այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանն ապրիլի 19–ին անջատել է նրանց էլեկտրաէներգիան, նրանք պահանջում են օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ կտան իրենց նորմալ գործունեություն ծավալել, ինչից հետո պատրաստ կլինեն աշխատել օրենքի շրջանակում։ «Այս պահին դադարեցված է 47 շարժական սրճարանների գործունեությունը, որոնցից 9–ը մենք արդեն տեղափոխել ենք Երևանի կենտրոնից և կարող ենք ինքնուրույն ազատել տարածքը, սակայն խնդրում ենք, որպեսզի քաղաքապետարանը ևս մեզ ընդառաջ գնա` հնարավորություն ընձեռելով բիզնեսին աշխատել մինչև դաշտը վերջնական չկարգավորվի», –նշել է Մելիքյանը։ Նրա խոսքով, լուրեր են շրջանառվում, որ շուկայում ձևավորվում է մենաշնորհ, քանի որ այնպիսի տպավորություն է, որ այդ քայլով ուզում են մաքրել դաշտը։ «Արդեն կան գործարանային մեքենաներ, և դրանք արդեն տեղադրված են, ամեն ինչ կապված է խոշոր դերակատարների` հայկական շուկա դուրս գալու մտադրության հետ», – ընդգծել է Մելիքյանը։
- Հայկական 50.000 դրամանոցը ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների 2018թ.–ի ցանկում։ Այս մասին նշվում է Թղթադրամների միջազգային միության կայքում։ 2018թ.–ի նոյեմբերից շրջանառության մեջ դրված 50 հազարանոցի դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հին ձեռագրեր, դարձերեսին` Խոր Վիրապը` Արարատ լեռան ֆոնին և Գրիգոր Լուսավորչի արձանը։ Ինչպես նշել է Թղթադրամների միջազգային միության ժյուրին, աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում հայտնվելու համար թղթադրամը պետք է ունենա գեղարվեստական արժեք և պաշտպանության ամենաժամանակակից տարրերը։ 2018թ.–ին թողարկվել է ավելի քան 150 նոր թղթադրամ, սակայն դրանց միայն 10%–ն է համապատասխանել նշված պահանջներին։
- Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլևս հնարավոր չէ թաքցնել: «Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»,-գրում է թերթը:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ռեպլիկը Երևանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը դարձել է սոցցանցերում օգտատերերի բուռն քննարկումների պատճառ։ Նշենք, որ ապրիլի 30–ին նիստի ժամանակ, երբ Փաշինյանն առաջարկել է մասնակիցներին անցնել ընդունված փաստաթղթերի ստորագրման ընթացակարգին, Մեդվեդևն անսպասելիորեն ընդհատել է վարչապետին և ժպիտով նշել. «Ոչ, ու՞ր անցնել»։ «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում։
- Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից, մասնավորապես, նշում են, որ մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։–0–