ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

28.04.2016, 17:51
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։

Օրինագծին «կողմ» է քվեարկել 98 պատգամավոր, «դեմ»` ինը, հինգը ձեռնպահ են մնացել։ Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 112 պատգամավոր։

Ընտրական նոր օրենսգիրքը ծրագրվում է ընդունել 2017 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների նախաշեմին։ Դրանք կլինեն Սահմանադրության բարեփոխումից և խորհրդարանական իշխանավարմանն անցնելուց հետո առաջին ընտրությունները։

Նախագիծը ներկայացնելիս` կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ լրացումների հիմքում ընկած են բարեփոխված Սահմանադրության սկզբունքները։ Նրա խոսքով, փորձ է արվել ստեղծել ընտրական ավանդական զեղծարարություններից խուսափելու, օրինակ, քվեաթերթերի լցոնումից, կրկնաքվեարկությունից, այսպես կոչված, «կարուսելի» կիրառումից խուսափելու մեխանիզմներ։

Օրինագծի համաձայն, մասնավորապես, ենթադրվում է քաղաքապետերի ընտրություններն անցկացնել ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ Ավագանու խորհրդի միջոցով ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում և Վանաձորում։

Նոր խորհրդարանը կձևավորվի բացառապես համամասնական համակարգով։ Միաժամանակ Ազգային ժողովում, նախագծի համաձայն, կլինի առնվազն 101 պատգամավոր։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցական դաշինք պետք է ներկայացնի թեկնածուների մեկ համապետական ընտրացուցակ և յուրաքանչյուր ընտրատարածքի համար մեկական ցուցակ։

Արմատապես փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Նախատեսվում է, որ ԿԸՀ–ն պետք է ձևավորի խորհրդարանը, միաժամանակ, քաղաքական հավասարակշռություն ապահովելու համար նախատեսվում է, որ ԿԸՀ անդամները կընտրվեն խորհրդարանականների 3/5 (60%) քվեներով։

Լրացումներով առաջարկվում է ձևավորել ընտրացուցակները նաև էլեկտրոնային տեսքով, ինչը թույլ կտա բացառել ազգանունների կրկնությունը և գոյություն չունեցող անձանց ընդգրկումն ընտրացուցակներում։

Դիտորդներին և վստահված անձանց վերաբերող մասով էլ կան նորամուծություններ։ Եթե գործող օրենսգրքով նրանց ընտրատեղամասից կարելի է հեռացնել միայն ձերբակալության կամ բերման ենթարկելու դեպքում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տալ նաև ընտրահանձնաժողովի նախագահին, եթե դիտորդը կամ վստահված անձը խախտում են Ընտրական օրենսգրքի պահանջները։ -0-