ՀՀ ԱԻՆ-ը վարչական վարույթներ է հարուցել 115 բենզալցակայանների սեփականատերերի դեմ

23.11.2016, 16:16
ՀՀ ԱԻՆ-ը վարչական վարույթներ է հարուցել 115 բենզա– և գազալցակայանների սեփականատերերի դեմ:
ՀՀ ԱԻՆ-ը վարչական վարույթներ է հարուցել 115 բենզալցակայանների սեփականատերերի դեմ
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը վարչական վարույթներ է հարուցել 115 բենզա– և գազալցակայանների սեփականատերերի դեմ` ստուգումների ժամանակ բացահայտված խախտումների պատճառով, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:

«Ստուգումների ժամանակ հետազոտվել է 120 բենզա– և գազալցակայան, որոնցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ», - հայտարարեց Մկրտչյանը:

Ստուգումները սկսկվել են նոյեմբերի 14-ից` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Մկրտչյանի խոսքով, արձանագրվել են հետևյալ խախտումները` պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող 50 մ հակահրդեհային միջտարածությունները, արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ նվազագույնը 2 հրշեջ հիդրանտներով և հակահրդեհային միջոցներով, խախտված են վառելանյութի պաշարների պահպանման կանոնները:

«Խախտումները չվերացնելու պարագայում, կկիրառվեն պատժամիջոցներ, որոնք նախատեսում են տույժեր, ինչպես նաև այդ օբյեկտների գործունեության դադարեցում», - ասաց Մկրտչյանը` նշելով, որ խախտումների վերացման համար ընկերություններին ժամանակ է տրվել մինչև 2017 թ.-ը:

Մկրտչյանի խոսքով, Երևանում այս պահին գործում է 225 բենզալցակայան և 57 գազալցակայան: ԱԻՆ-ը նախատեսում է ստուգումներ անցկացնել նաև Գյումրիում և Վանաձորում: -0-