Հայտնի է Գյումրում հարսանեկան հանդեսի ժամանակ 47 քաղաքացու թունավորման պատճառը

02.09.2019, 17:43
Հայտնի են Գյումրիում 47 մարդու հոսպիտալացումից հետո անցկացված լաբորատոր հետազոտության արդյունքները։
Հայտնի է Գյումրում հարսանեկան հանդեսի ժամանակ 47 քաղաքացու թունավորման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են Գյումրիում 47 մարդու հոսպիտալացումից հետո անցկացված լաբորատոր հետազոտության արդյունքները։

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ էր հոսպիտալացվել:

Անմիջապես նախարարության մասնագետները ձեռնարկել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով:
  
Ինչպես հայտնում են նախարարությունից, արդյունքում հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից: -0-