Հայտնաբերվել է Երևանում 16-ամյա աղջկա դաժան սպանության մեջ կասկածվող երիտասարդը․ նա ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նրա խոսքով, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ոստիկանությունը հրապարակել է 26-ամյա երիտասարդին բերման ենթարկելու տեսանյութը։ Գերատեսչության տվյալներով, աղջիկը բնակակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով։ Բերման ենթարկված երիտասարդի մոտ հայտնաբերվել է բնակարանից հափծտակված պլանշետը։ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հունվարի 5-ին ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-