Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ ցեղասպանության ընդունում չէ. փորձագետ

27.01.2017, 17:11
Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած փաստաթղթի ընդունումը պետք չէ համարել ցեղասպանության ընդունում:
Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ ցեղասպանության ընդունում չէ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած փաստաթղթի ընդունումը պետք չէ համարել ցեղասպանության ընդունում, ուրբաթ լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով նախօրեին Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը:

Նախօրեին դանիական խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև: Փաստաթղթում մասնավորապես Օսմանյան կայսրության փոխարեն կիրառվում է «Արևելյան Անատոլիա» անվանումը, իսկ բռնի տարհանման և ջարդերի փոխարեն` «ողբերգական և արյունալի իրադարձություններ»:

«Հայաստանում ընդունված է շատ տարբեր իրավական ուժերի ակտեր ընդունել որպես Հայող ցեղասպանության ճանաչում, որն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, ցանկության դեպքում այդ ամենը կարելի է անվանել ճանաչում: Սակայն պետք չէ մոռանալ, որ դրանք բոլորը շատ տարբեր են իրենց կառուցվաքով. դրանք կարող են հայտարարության բանաձևեր լինել”, - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով, հենց երկրները և իրենց օրենսդրությունները ևս շատ տարբեր են: «Եվ, նախևառաջ, հարկավոր է հասկանալ այդ երկրի օրենսդրական համակարգը և թե ինչ իրավական ուժ ունի այս կամ այն հայտարարությունը», - ասաց փորձագետը:

Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, միշտ չէ, որ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ առկա է բավականին արմատացած և բարեկեցիկ հայ համայնք: Նա կարծում է, որ որոշ բանաձևեր կամ հայտարարություններ վերաբերում են ոչ թե Հայաստանին, այլ` Թուրքիային, իսլամական աշխարհին և աճող լարվածությանը` կապված փախստականների խնդիրներին:

«Մենք պետք է համակերպվենք դրան. Հայոց ցեղասպանության ճանաչման տարատեսակ գործընթացներ կատարվելու են առանց հայերի: Սակայն Ցեղասպանության մասին ցանկացած խոսակցություն, նույնիսկ եթե այդ թեմայով ելույթ է ունենում Թուրքիան, ցույց է տալիս, որ աշխարհում այդ թեման քննարկվում է», - ավելացրեց Իսկանդարյանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-