Հայկական ծրագրերն աննախադեպ հաջողություն են ունեցել Վրաստանի GITI-2016 համաժողով-ցուցահանդեսին

16.11.2016, 17:46
Հայկակական ՏՀՏ պատվիրակությունը հաջողությամբ է մասնակցել նոյեմբերի 10-11 Թբիլիսիում կայացած ՏՏ ոլորտում նորարարությունների կոնֆերանս-ցուցահանդեսին։

Հայկական ծրագրերն աննախադեպ հաջողություն են ունեցել Վրաստանի GITI-2016 համաժողով-ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկակական ՏՀՏ պատվիրակությունը հաջողությամբ է մասնակցել նոյեմբերի 10-11 Թբիլիսիում կայացած ՏՏ ոլորտում նորարարությունների` GITI-2016 հինգերորդ տարածաշրջանային կոնֆերանս-ցուցահանդեսին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց «Արմիքս» hիմնադրամի տնօրեն, Հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանը, Հայաստանը մեկ տարվա ընդմիջումից հետո հայտնվեց GITI-2016-ին` ստեղծելով այնտեղ հայկական ՏՀՏ անկյուն:

Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին 26 մասնավոր և պետական կառույցներ։

«Այս անգամ մրցանակների արժանացան երեք հայկական պետական կառույցներ, ինչպես նաև երեք մասնավոր ընկերություններ: Մենք նաև մասնակցել են մրցույթների` հասնելով մեծ հաջողությունների», - ընդգծեց Հովսեփյանը` ավելացնելով, որ դեռևս ոչ մի անգամ հայկական պետական կառույցներն այդքան մրցանակ չէին ստացել GITI-ին:

«Դա ցույց է տալիս, որ Հայաստանի պետական կառույցներում կառավարման էլեկտրոնային համակարգը բավական լավ է զարգանում: Այս հաղթանակները ևս մեկ անգամ ապացուցում են Հայաստանում ՏՀՏ ոլորտի հաջող զարգացումը և այն, թե ինչի մենք կարող ենք հասնել համատեղ ջանքերով», - ընդգծեց Հովսեփյանը:

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ տնօրեն Արթուր Թունյանն իր հերթին հաստատեց, որ Հայաստանի պետական հատվածում ՏՀՏ ոլորտը ակտիվ զարգանում է:

«Մաքսային և հարկային ոլորտի, համայնքային կառավարմանմ ինչպես նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առողջապահության էլեկտրոնային ծրագրերը արժանացել են GITI-ի բարձր մրցանակներին», - նշեց Թունյանը:

Նրա խոսքով, առողջապահության էլեկտրոնային ծրագրի աշխատանքները սկսվել են դեռևս մի քանի տարի առաջ, և այս պահի դրությամբ արդեն մշակվել է տեխնիկական լուծումը, որը շուտով կներդրվի Հայաստանում: «Ծրագիրը բացառիկ է նրանով, որ չի գործում նախկին ԽՍՀՄ ոչ մի երկրում` բացառությամբ Մերձբալթիկայի», - ավելացրեց Թունյանը:

Նա նշեց, որ ծրագրի կիրառումը կնվազեցնի ֆինանսական վնասների և բժշկական սխալների ռիսկը: «Ծրագիրը կդառնա հարթակ, որտեղ գրանցվելու են բոլոր բժիշկները, մնացած բուժանձնակազմը ողջ Հայաստանից, և յուրաքանչյուր քաղաքացի կունենա հարթակում իր էջը, որտեղ կլինի նրա էլեկտրոնային բժշկական քարտը», - ընդգծեց Թունյանը:
Միաժամանակ, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանն ավելացրեց, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման հանմակարգն արդեն երկրորդ անգամ է արժանանում GITI մրցանակին:

«Այս անգամ մենք ներկայացրել ենք մրցույթին նոր սերնդի հսկիչ դրամարկղների կառավարման էլեկտրոնային համակարգը, որն արդեն վաղուց է կիրառվում Հայաստանում: Մեր մասնակցած անվանակարգերում մրցակցությունը բավական բարձր էր, այդուհանդերձ, մեզ հաջողվեց լավագույն ձևով ներկայացնել տվյալ համակարգի առավերությունները», - ընդգծեց Տիգրանյանը:

GITI-ի մասնակցությունը բարձր գնահատեց նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանը: Նրա խոսքով, UITE-ն մրցանակ է ստացել «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում:

«Մենք համոզված ենք, որ կշարունակենք կրթության ոլորտում համագործակցությունն իշխանությունների հետ, քանի որ առանց պետության աջակցության տվյալ ոլորտի զարգացումը բավական դժվար է», - ավելացրեց Կարապետյանը: -0-