Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման առաջին անալիզը (ՎԻԴԵՈ)

03.02.2020, 17:25
Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման առաջին անալիզը. ՎԻԴԵՈ
Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման առաջին անալիզը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես նախօրեին տեղեկացրել էր Արսեն Թորոսյանն իր Facebook–յան էջում, Հայաստանը ստացել է նոր կորոնավիրուս հայտնաբերելու անհրաժեշտ ռեագենտներ, որոնք ստացվել են շատ արագ կերպով Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և նույն կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի ղեկավար Շուշան Սարգսյանը:

«Հակահամաճարակային միջացառումների շրջանակում մենք կասկածյալի հետազոտություն արդեն իրականացրել ենք և ստացել ենք բացասական պատասխան, այսինքն կորոնավիրուս չունի այն մարդը, ում մենք հետազոտել ենք»,– նշեց Նունե Բակունցը։

Մասնագետները տեղեկություն չհայտնեցին ստուգված պացիենտի մասին, միայն նշեցին, որ վերջինս վերադարձել էր Չինաստանից և ունեցել է ջերմություն։

«Հետազոտել ենք և՛ գրիպի համար, և՛ այլ շնչառական վարակների համար, և կորոնավիրուսի համար այսօր առավոտյան, ստացել ենք բացասական պատասխան»,– ասաց լաբորատորիայի ղեկավար Շուշան Սարգսյանը։

Այն հարցին, թե ով կարող է հետազոտվել, Նունե Բակունցը պատասխանեց, որ հետազոտության ենթակա են միայն այն անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ, և միաժամանակ ովքեր Չինաստան են այցելել վերջին 2 շաբաթվա ընթացքում, կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ կամ Չինաստանից վերադարձած անձանց հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով, փետրվարի 2–ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք է գրանցվել 24 երկրներում, ընդ որում Չինաստանի սահմաններից դուրս հիվանդների թիվը 146 է, որոնցից մեկը մահացել է։ -0-