Հայաստանի վարչապետն Ամանորի խոստում է տվել

31.12.2016, 20:41
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Նոր տարվա կապակցությամբ:

Հայաստանի վարչապետն Ամանորի խոստում է տվել
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Նոր տարվա կապակցությամբ:

«Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը: Սրտանց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի»,- ասվում է կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում:

«Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները անպայման կիրականանան»,- ընդգծեց վարչապետը:

Կարապետյանը մաղթեց նաև, որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք մարդիկ վերադառնան լավատեսությամբ տրամադրված, աշխատանքային նոր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

«Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին: Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մենք անելու ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը»,- նշեց երկրի վարչապետը:

Նրա խոսքով, չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: «Նշանակու՞մ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ: Հա՛կառակը , պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ»,- ընդգծեց նա:

Վարչապետը նշեց նաև, որ առջևում բոլորին ծանր աշխատանք է սպասվում: «Խնդրում եմ ձեզ չկասկածել, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժվենք առաջ»,- ասաց Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծեց, որ իր ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն ապագային ավելի վստահ և համարձակ նայելու կարողությունն է:

«Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- նշվում է վարչապետի շնորհավորական ուղերձում: -0-