Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանը՝ «Մարգարա» անցակետում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշում է ընդունել 10 օրով՝ մարտի 21–ից 31–ը բացել Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։
Հարցն ընդգրկվել է չզեկուցվողների ցանկում։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» («Ալիջան») անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար:
Որոշման նախագիծը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: