ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունի հինգշաբթի նիստում վերանայել է «Զինվորական ծառայության մասին» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» երկու օրինագծերը։
Օրինագծերի համաձայն, նախատեսվում է վերանայել զորակոչի համակարգը, այդ թվում` վերացնել զորակոչիկների համար որոշ անարդյունավետ արտոնությունները` փոխարինելով դրանք ավելի գործուն մեթոդներով։
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրինագծերը ներկայացնելիս նշեց, որ դրանք ուղղված են խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետության բարձրացմանը, «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը, մասնավորապես, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրագործմանը։
Ըստ նրա, օրինագծերով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը, ինչպես նաև զորակոչի կազմակերպման մի շարք ընթացակարգեր։
Մասնավորապես, ինչպես նշեց նախարարը, ՀՀ զինված ուժերում վերանում է «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը։ Վիճակահանության հիման վրա զորակոչիկները հնարավորություն կստանան ծառայելու բնակության վայրին ավելի մոտ տեղակայված զորամասում։
«Մենք նաև վերացնում ենք հատուկ կարգի քաղաքացիների արտոնությունները, մասնավորապես, տնից 150 կմ հեռավորության վրա ծառայելու մասով, քանի որ հաճախ այդ հեռավորությունը, օրինակ, Տավուշի մարզի բնակիչների համար նշանակում էր, որ իրենց երեխաները պետք է ծառայեն առաջնագծում և չեն կարողանա տեսակցել մտերիմներին, հետևաբար, արտոնությունը զուտ ձևական բնույթ էր կրում»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, տվյալ արտոնությունն առաջարկվում է փոխարինել մեկ ուրիշով։ Այդ քաղաքացիները մարտական հերթապահություն կտանեն «Ես եմ» ծրագրով ըստ ցանկության, ինչը հնարավորություն կընձեռի նրանց օգտվել նաև երկու լրացուցիչ արձակուրդից ծառայության ընթացքում։
«Եթե սովորական զինվորը մեկ օրինական արձակուրդի իրավունք ունի, ապա այս կատեգորիայի զինծառայողները կստանան երեք արձակուրդ` ծառայության ընթացքում կես տարին մեկ անգամ արձակուրդ գնալու հնարավորություն ունենալով»,– ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով առաջարկում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե՝ ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»:
Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն:
Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ծրագրվում է ուղղել խորհրդարան մինչև տարեվերջ, որ մինչև ձմեռային զորակոչ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» պետական ծրագրերի բաղադրիչներն օրինական ուժ ստանան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում