Հարվածը հասցվել է գյուղի ջրամբարին. Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսին հասցված վնասները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է և ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչ հարված է հասցվել Վարդենիսի գյուղին:
Նա ցուցադրել է Վարդենիսի գյուղերին հասցված վնասները:
Նա նշել է, որ հավանաբար հարվածը փորձել են երկաթգծին հասցնել, բայց վրիպել են, մոտավորապես մի քանի 100 մետր տարբերությամբ է ընկել ռումբը:
Վարդենիսի գյուղին մի քանի հարված է հասցվել, որոնք Արծրուն Հովհաննիսյանը հերթով ցույց է տվել:
«Սա հարվածի փոսն է, չափերը տեսեք: Կարծում եմ, նույն սպառազինությունն է. Սու-25 գրոհիչի բաց թողած 50-60 կգ. ավիառումբի հետք է»,- նշել է Հովհաննիսյանը ուղիղ եթերի ժամանակ:
Գրոհիչը հարվածել էր Նորակերտ գյուղի մոտակայքում :
«Նախորդ հասցված հարվածի հետքից, որը ցուցադրեցինք երկաթգծի մոտակայքում մոտ 2,5 կմ տարբերությմաբ է: Ահա ուրեմն մեր գյուղերի և քաղաքների, ենթակառուցվածքների թիրախավորումը. Սա արդեն 3-րդ ապացույցը միայն Վարդենիշի տարածաշրջանում»,- նշել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ և այսօր հակառակորդը հրետակոծել է նաև Վարդենիսը: Հրետակոծությունից տուժել է քաղաքացիական ավտոբուս. ունենք մեկ զոհ:
«Այս հարվածը հասցվել է գյուղի ջրամբարին»,- նշել է Հովհաննիսյանը հրապարակված տեսանյութին կից:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–