Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին Իջևանում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ավելի ստույգ վաղը կասեմ։ Ամսի 12-ից սկսած՝ մինչև այսօր ներառյալ, թիվը մոտենում է 10-ին»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:
Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։
Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-