Գյումրիի «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների շտաբերում խուզարկություններ են․ Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու փաստով քրվարույթներ են նախաձեռնվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա, հայտնում են գերատեսչությունից։
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք ՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ
Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:
«Մայր Հայաստան» դաշինքի ահազանգը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից քիչ առաջ հայտնեցին, որ մարտի 27-ին ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
«Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ MediaHub-ը հայտնում է, որ իրավապահները խուզարկություն են սկսել «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:
Նշենք, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի 30–ին։